ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին
05.10.2025 | 10:06

Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) տնօրենների խորհրդի անդամներին ու բարերարներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ, ՀՕՖ-ի նախագահ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապահ-Գուլյանի։

Հանդիպմանը Մեսրոպ եպիսկոպոսը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներակայցրեց հյուրերին և հիմնադրամի ծավալած գործունեությունը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին՝ բարձրորեն գնահատելով այն ազգաշահ առաքելությունը, որ ՀՕՖ-ը իրականացնում է հայրենիքում և սփյուռքում:

Հայոց Հովվապետը, անդրադարձ կատարելով հիմնադրամի ազգանվեր և եկեղեցանվեր գործունեությանը, նշեց որ հայրենիքի համար ծանր ու փոթորկալի ժամանակներում ՀՕՖ-ը իր կարելիություններն ի սպաս է դրել ազգի զավակների հոգածության համար և իր ավանդն է բերել երկրի կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական ոլորտներում, ինչպես և Հայաստան-սփյուռք կապերի սերտացմանը։

Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց նաև ՀՕՖ-ի առաքելությանը սատարող բարեկամներին ու բարերար հայորդիներին՝ ընդգծելով, որ նրանց ներդրումի և ազնիվ ծառայության շնորհիվ բարեզարդվում ու պայծառանում է եկեղեցական և ազգային կյանքը։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ կարևորելով սփյուռքի ազգային կառույցների, ինչպես նաև ՀՕՖ-ի ջանքերն ի նպաստ առկա խնդիրների հաղթահարման, հայրենիքի զորացման ու առաջընթացի։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով ընդգծեց, որ հոգևոր դասի ու եկեղեցանվեր հայորդիների նախանձախնդրության ու նվիրումի շնորհիվ Եկեղեցին անշեղորեն իրականացնում է իր առաքելությունը։

Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի գործունեությանը տարբեր ոլորտներում և ծրագրերին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն օրհնի և զորավիգ լինի թեմակալ առաջնորդին, ՀՕՖ-ի անդամներին, բարեկամներին ու բարերարներին իրենց բոլոր ազգօգուտ նախաձեռնություններում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Դիտվել է՝ 3728

Մեկնաբանություններ